ԱՆ. Գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության
Տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն`անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Բոլոր պոլիկլինիկաներին հանձնարարվել է տոնական օրերին աշխատել: Ինչպես ամբողջ Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում վիրուսների որոշակի աճ կա, ուստի լավ կլինի, որպեսզի մարդիկ ինքնաբուժմամբ չզբաղվեն և դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկաներ, որպեսզի հնարավորինս կանխենք վիրուսի տարածումը»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ: Մասնագետների կողմից հսկայական աշխատանք է տարվում գրիպով և այլ հիվանդների բուժման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկելի է:
Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե առողջ եք` մի շփվեք հիվանդների հետ։ Եթե Ձեզ մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին: Չնայած բժիշկների անընդմեջ աշխատանքին և պայքարին, բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելու արդյունք են»:
ԱՆ հաղորդագրությունում նաև նշվում է, որ հունվարի 2-ին արձանագրվել է թոքաբորբով պայմանավորված մահվան դեպք: 20-ամյա Գ. Տ.-ն դեկտեմբերի 31-ին հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 26 շաբաթական հղիի մոտ առկա էր սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են