2016 թվականը դժվար տարի է լինելու տնտեսության համար. Արսեն Ղազարյան
2016 թվականը դժվար տարի է լինելու տնտեսության համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Տարին լինելու է վերադասավորումների, վերակառուցումների և սպասումների տարի»,- ասաց գործարարը:
Նրա խոսքերով՝ 2015 թ-ը փակեցինք տնտեսական աճով, սակայն դա չի կարող մեզ բավարարել:
«Մենք ավելի մեծ տեմպերի կարիք ունենք, որպեսզի իրական աճը և տնտեսության, և ազգաբնակչության կենսամակարդակի վրա ավելի ակնառու լինի»,- ընդգծեց Արսեն Ղազարյանը:
Ինչ վերաբերում է 2015թ-ին, ապա, ըստ նրա, կարող էինք ունենալ արտահանումների աննախադեպ աճ ռուսական շուկա, եթե իհարկե ռուսական շուկան պատժամիջոցների պատճառով կաթվածահար չլիներ, ռուբլին չարժեզրկվեր և շուկայի գնողունակությունը չընկներ:
«Մենք հույս ունենք, որ 2016 թվականին ԵԱՏՄ շուկան կակտիվանա և ինչ մենք պլանավորում էինք՝ կապված այդ շուկայի հետ, ավելի շատ արդյունքներ կտան»,- ասաց Ա.Ղազարյանը:
Այդուհանդերձ, ըստ գործարարի, այս տարի դժվար է լինելու և այդ դժվարությունը լինելու է ամբողջ աշխարհում:
«Գնողունակությունը, շուկաների նկատմամբ մարդկանց վստահությունը, պղնձի գները դեռևս լավատեսական չեն, սակայն պետք է կարողանանք այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ տնտեսությունը զարգացնենք»,- նշեց Արսեն Ղազարյանը: