Վարչապետը հավանություն է տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ նախ ներկայացվել են հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, շուկայում տարբեր ապրանքատեսակների գների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կենսաթոշակների վճարման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ-ից մինչև 1.20 մետր, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապահ:
Օպերատիվորեն իրականացվել են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ, իսկ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության գործողությունների արդյունքում ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ: Ներկայում հետևողական աշխատանք է տարվում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներն անցանելի դարձնելու ուղղությամբ: ՏԿԱԻ նախարարը նշել է, որ հանրապետության մյուս բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհների անցանելիության ապահովումը և հանձնարարել շարունակել օպերատիվ աշխատանքներն այդ ուղղությամբ:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը զեկուցել է, որ տոնական օրերից առաջ և հետո ուժեղացված հսկողություն է իրականացվել սոցիալական նշանակություն ունեցող 20 անուն ապրանքների գների նկատմամբ: 2014 թ. դեկտեմբերի վերջի և 2015 թ. հունվարի նկատմամբ 2015-ի դեկտեմբերին և 2016 թ. հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արձանագրվել է էական գնային նվազում, անգամ կան ապրանքատեսակներ, որոնց գները նվազել են 30-40 տոկոսով, օրինակ՝ ձվի, ալյուրի: Շաբոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել: Վարչապետ Աբրահամյանը հորդորել է ՏՄՊՊՀ նախագահին՝ շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ կենսաթոշակների վճարման նպատակով ժամանակին իրականացվել է անհրաժեշտ ֆինանսավորում: Կենսաթոշակների վճարման գործընթացն սկսվել է հունվարի 4-ից: Այն կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրել է, որ տոնական օրերին հանրապետությունում էներգամատակարարման գործընթացը կայուն կերպով է իրականացվել, առանց լուրջ խափանումների: Էներգամատակարարումն առանց խոչընդոտների և պատշաճ իրականացնելու նպատակով սահմանվել է հերթապահություն:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և գործիքակազմ՝ արտահանման տեմպերն ավելացնելու, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն է տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը, որը կզբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետք է գնալ նման քայլերի՝ տնտեսություն առաջ մղելու համար և համոզմունք հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կարձանագրվեն հաջողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան