Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տալու է Սերգեյ Խաչատրյանը
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տրվելու է հունվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից:
Փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Ս.Խաչատրյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարելու է Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը, լինելու է նաև պրեմիերա՝ Խաչատուր Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը:
Փառատոնը կազմակերպվում է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) միացյալ ուժերով: Փառատոնի կարևորագույն նպատակներից է սերունդների միջև կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը:
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։
15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005-ին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։
Սերգեյը ելույթ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր նվագախմբերի հետ, հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում