Գարեգին Երկրորդ. Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սուրբծննդյան պատարագը: Պատարագիչն է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Պատարագին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձիք, հավատացյալ ժողովուրդը:
Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Գարեգին Երկրորդն իր ելույթում նշեց, որ մեր ժամանակի մեծագույն մարտահրավերն է անհատի, հասարակության, պետության կյանքում խաղաղության խաթարումը. «Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տանջանքներով, հակամարատությունները, աշխարհաքաղաքական շահերի բախումը, ճգնաժամերը, հումանիտար աղետները շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողականություն, սփռել աղքատություն, տառապանքներ: Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները, առավել տարածում է գտել կեղծիքը, սպանությունները»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, այսօր ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավերում են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:
«Մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում»,- նշեց Գարեգին Երկրորդը:
Վեհափառ Հայրապետն ասաց, որ հայ ժողովրդի առաջ էլ ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը. «Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Վերջիններս մեր սահմաններում սադրանքների են գնում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում եմ, որ խաղաղության նախաձանախնդրության և հավատքով մեր ժողովուրդն իր հոգու խաղաղությունը պետք է պատվար դարձնի ընդդեմ թշնամու հարձակումների: Մեր զինվորները հերոսաբար պաշտպանում են մեր երկիրն ու սրբազան արժեքները»: