«Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի»
«Հայ ժողովուրդը և մենք բոլորս՝ արվեստի մարդիկս, պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի հիասքանչ տաղանդներ, ինչպիսին հայ ողբերգակ դերասան Վահրամ Փափազյանն է»,- ասել է ռուս դերասանուհի Ելենա Գոգոլևան:
XX դարի խոշորագույն ողբերգակ դերասաններից Վահրամ Փափազյանը ծնվել է 1888 թվականի հենց այս օրը Կ.Պոլսում: Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ: 1908թ.-ին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896թ.-ի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Զարդը»:
Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելի, հանդես է գալիս նրանց խմբերում: Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907թ.-ին նա հայտնվում է Փարիզում և,Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու:
Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ.Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ.Պոլիս: Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր:
1913 թ.-ին Փափազյանը հրավեր է ստանում Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքում է հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան:
Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը: 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը:
Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը:
1920 թ.-ին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան:
1922 թ.-ին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»։
1928 թ.-ին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թ.-ին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։
«Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի: Հմայիչ արտաքին, գեղեցիկ պլաստիկա, վարակող ավյունի բռնկումներ ու ազնիվ ճաշակ»,- ասել է ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն:
1932-1954թթ. բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում, Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։
Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։
Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թ.-ին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին։
«Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով` զգում ես և խորապես համոզվում, որ իրոք աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է հայ ժողովուրդը»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Վ.Փափազյանը մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին՝ Լենինգրադում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է»,- ասել է Վահրամ Փափազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում