ԱՆ. 26-ամյա ծննդկանին հաջողվել է դուրս բերել կրիտիկական վիճակից
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, առաջատար մասնագետների մասնակցությամբ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցկացվել է բժշկական կոնսիլիում:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կոնսիլիումի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 31-ին կենտրոն տեղափոխված 26-ամյա ծննդկանի առողջական վիճակին: Բժիշկների ջանքերով հաջողվել է նրան դուրս բերել կրիտիկական վիճակից: Կոնսիլիումի արդյունքում մասնագետները որոշում են կայացրել դեռևս բուժումը շարունակել դեղորայքային ճանապարհով:
Կնոջ 28 շաբաթական հղիությունն ընդհատվել է կեսարյան հատմամբ: Նրա 1 կգ 220 գր քաշով և 39 սմ հասակով անհաս նորածինն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Երեխայի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
Քննարկվել է նաև ՀՀ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդների բուժման ռազմավարությունը: Այս պահին բաժանմունքում բուժում է ստանում 55 հիվանդ:
Արմեն Մուրադյանը` ամփոփելով կոնսիլիումը հանձնարարել է նախարարության գլխավոր մասնագետներին վիճակը գնահատելու և բուժման հետագա ընթացքը քննարկելու նպատակով կատարել լրացուցիչ այցելություններ, բոլոր ծանր հիվանդների առողջական վիճակը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ: Այն շարունակում է համայցեր կատարել հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ: Խմբի տվյալներով, դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։