Ադրբեջանի օգտին լրտեսելու մեղադրանքով կդատվեն չորս հոգի
Թուրքիայում բնակվող 4 հայեր՝ Ռաֆիկ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը, Սերգեյ Պապոյանը եւ Դիանա Գորոյանը, մեղադրվում են Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆիկ Պապոյանը հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները. Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Աղբյուրը գրում է, որ Սերգեյ Պապոյանը Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող անձի հետ եւ հավաքագրվել վերջինի կողմից` տեղեկություն տրամադրելով ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 դոլար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ այդ զորամասի մասին տեղեկություններ հայտնել համացանցի միջոցով:
Կարինե Ղումաշյանն էլ 2013 թվականին հավաքագրվել է այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Արման անունով ներկայացած անձի կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր շուրջ 1500 դոլարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները, Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար եւ նվերներ է մատուցել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ նշված անձը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը նախապատրաստվող պետական դավաճանության մասին է, Դիանա Գորոյանն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին և Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դիանա Գորոյանին` 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ռաֆիկ Պապոյանն և Կարինե Ղումաշյանը կալանավորված են, իսկ Սերգեյ Պապոյանի և Դիանա Գորոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում