Դինքի ընտանիքը բողոքարկել է Թուրքիայի դատախազության որոշումը
Պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն բողոքարկել է 24 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Թուրքիայի դատախազության որոշումը։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, թուրքական «Milliyet» թերթը տեղեկացնում է, որ բողոքարկման դիմումը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազություն։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի դատախազությունը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնի չարաշահման մեջ մեղադրվող 43 պետական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել։
Այս 24 պետական ծառայողների շարքում են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ծառայակից Օզել Յըլմազը և Էրգուն Գյունգյորը, որը պոլսահայ լրագրողի սպանության ժամանակ եղել է Ստամբուլի նահանգապետի օգնականը։ Ըստ Դինք ընտանիքի փաստաբանի՝ Յըլմազը պատասխանտու է Դինքի սպանությունը չկանխելու, իսկ Գյունգորը, ինչպես նաև այդ շրջանում Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերը պատասխանատու են Դինքի անվտանգությունը չապահովելու համար։
Ահա այն 24 հոգին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատախազության որոշումը բողոքարկվել է․ Օզել Յըլմազ, Էրգուն Գյունգյոր, Սելիմ Քութքան, Բյուլենթ Քյոքսալ, Իբրահիմ Փալա, Իբրահիմ Շևքի Էլդիվան, Վոլքան Ալթունբուլաք, Բահադըր Թեքին, Օզջան Օզքան, Էնգին Աքչիչեք, Իզզեթ Աքդաղ, Սեյֆի Ինան, Դավութ Աթեշ, Մուրադ Չաքան, Ուֆուք Քաբա, Յալչըն Քարա, Վելի Քյուչյուք, Քեմալ Քերինչսիզ, Օքթայ Յըլդըրըմ, Գյուրքան Քուշչու , Օքթայ Դաշթան, Թոլգայ Սիվրիքայա, Սալիհ Ջիհան, Նեզաթ Մեթե։
Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան