Բոտուլիզմից թունավորվածներից մեկը ապարատային շնչառության տակ է, վիճակը ծանր է
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում հունվարի 3-ին գրանցված բոտուլիզմից տուժածներից մեկի վիճակը ծանր է: Հանրապետության գլխավոր թունաբան, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Միքայել Գաբրիելյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ 51-ամյա Մանուչար Խաչատրյանի մոտ թունավորումը կայծակնային կերպով է զարգացել, և նա այժմ արհեստական շնչառություն է ստանում:
«Ի տարբերություն մյուսների, իր մոտ շատ արագ կերպով է զարգացել և այժմ նա ապարատային շնչառության տակ է», -փոխանցեց բժիշկը:
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված մյուս թունավորվածներից Արմեն Կարապետյանը այսօր արդեն լավ է և դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ Լուիզա Կարապետյանի վիճակը միջին ծանրության է և կշարունակի բուժում ստանալ հիվանդանոցում:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Լեռնանիստ գյուղում համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային այդ թունավորման պատճառ է հանդիսացել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի և բամիայի պահածոների օգտագործման հետևանքով: Ուտելուց 1 օր անց պահածոներն օգտագործած 9 անձից 5-ի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում:
Հունվարի 3-ին հիվանդները դիմել են Հրազդանի ԲԿ, որտեղից բոտուլիզմ ախտորոշմամբ ուղեգրվել են Երևան, ընդ որում` 2 հիվանդ հոսպիտալացվել են Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 3-ը` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: