H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում 8 հիվանդ ունենք. Արա Ասոյան
Երևանի տարբեր հիվանդանոցներում այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 հիվանդներ, որոնց արհեստական շնչառության ապարատ է միացված: Նրանց մոտ գրանցվել է H1N1 վիրուսը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
«H1N1 վիրուսը բերել է թոքերի լուրջ բարդությունների, նրանք ծայրահեղ վիճակում են: Մենք ամեն օր՝ նույնիսկ օրական երկու անգամ այցելում ենք նրանց: Ես դա չեմ թաքցնում»,- ասաց Ա.Ասոյանը:
Նրա խոսքերով՝ հիվանդները հիմնականում մեծահասակներ են, նրանցից մեկն էլ ծննդկան է, որի վիճակը նույնպես բավականին ծանր է և գտնվում է արհեստական շնչառության ապարատի տակ:
Գլխավոր համաճարակաբանն ասաց, որ ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը ղեկավարում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Խումբը պարբերաբար համայցեր է կատարում, առաջատար մասնագետների հետ քննարկում են հիվանդների բուժման հետագա ռազմավարությունը:
Ա.Ասոյանը միաժամանակ նշեց, որ իրազեկման աշխատանքները պետք է ակտիվացնել:
«Միգուցե բավարար չէ, պետք է ավելի շատ իրազեկեն, քանի որ սա այն հիվանդությունն է, որի իրազեկումը պետք է լինի մաքսիմալ՝ առավոտից մինչև գիշեր, ԶԼՄ-ներով պետք է քաղաքացիներին իրազեկեն, թե ինչ քայլեր ձեռնարկեն, եթե կան գրիպանման երևույթներ»,- ասաց նա:
Ա.Ասոյանը ճիշտ է համարում նաև ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն՝ դպրոցներում, մանկապարտեզներում երկարաձգվել են ձմեռային արձակուրդները:
«Մենք գործ ունենք օդակաթիլային վարակի հետ, որն ավելի հաճախ արձանագրվում է դպրոցահասակ երեխաների շրջանում»,- նշեց Ա.Ասոյանը:
Նա նաև հայտնեց, որ ներկայումս հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 150 երեխաներև, ովքեր H1N1 վիրուսով են վարակված:
Ա.Ասոյանը նշեց, որ եթե նկատվում է գրիպային երևույթ, այրոցներ կոկորդում, երկու օրից ավելի գրանցվում է բարձր ջերմություն, ապա անմիջապես պետք է դիմել բժշկի: