Պաշտոնական Արցախը ողջունում և կարևորում է Էդ Ռոյսի կազմակերպած հանդիպումը
Պաշտոնական Արցախը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսական, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կազմակերպած փակ քննարկումը ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհների մասին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Կոնգրեսում կայացած փակ հանդիպումը, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք, իհարկե, կարևորում ենք նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները հատկապես որ դրանք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ հանդիպումը, կարծում եմ, հորդոր է, որ հիմնական շեշտը դրվի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Իսկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը», -ասաց պարոն Բաբայանը:
ԼՂՀ նախագահի խոսնակի կարծիքով, դժվար թե Էդ Ռոյսի կազմակերպած քննարկումը առաջընթաց արձանագրի, Ադրբեջանը որոշի սահմանից հեռացնել դիպուկահարներին:
«Դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն հիմա ավելի քիչ են, և հակառակորդը այժմ ավելի շատ ծանր զրահատեխնիկա է կիրառում սահմանին: Այնպես որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև համանախագահները, պետք է ժամանակին քննադատեին Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը և ոչ թե աչք փակեր այդ քաղաքականության վրա», -նկատեց Բաբայանը:
Ավելին, ըստ Բաբայանի, եթե ժամանակին միջազգային հանրությունը համաձայներ պաշտոնական Երևանի առաջարկին և շփման երկայնքից դուրս բերեր դիպուկահարներին, ապա իրավիճակն այլ կլիներ:
Նշենք, որ Էդ Ռոյսը փակ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր. «Վերջին տասնամյակների ընթացքում այժմ Լեռնային Ղարաբաղում բռնությունը հասել է գագաթնակետին: Միայն անցած ամիս մենք լսեցինք, որ Ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա է կիրառել, այդ թվում նաև` տանկ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր եղան: Դեսպան Ուորլիքը ասել էր, որ սա սառեցված, բայց չմոռացված հակամարտություն է և դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք այդ պատճառով առաջարկում ենք, որպեսզի դիպուկահարները հեռացվեն սահմանից ու ներդրվեն հատուկ մեխանիզմներ: Սա պետք է կատարվի հնարավորինս արագ: Բռնությունների դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն»:
Նա նաև հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղության մեջ, անվտանգ պայմաններու` տարածաշրջանի իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին