Հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք անձնական հիգիենային. պայքար գրիպի դեմ
«Որքան շուտ ախտորոշվեն գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդությունները, այնքան բուժումն ավելի հեշտ կլինի, ուստի մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով՝ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին:
Նշենք, որ ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս գրիպանման երևույթների դեպքում, անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման չօգտագործել հակաբիոտիկներ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում պետք է մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման:
Հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը: Բացի այդ, անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները, պետք է խստորեն հետևել անձնական հիգիենային, ինչպես նաև անհրաժեշտ է հագնվել եղանակին համահունչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա