Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազագի Հակոբ Վահան Չերչիյանն է
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս և գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: «Էրեմնիահաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական իշխանամետ «YeniAkit» թերթի կայքը ծավալուն և հանգամանալից հոդվածով անդրադարձել է թուրքական իրականության մեջ ոչ շատ հաճախ բարձրաձայնվող այս փաստին:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո (1934թ.), երբ Մուսթաֆա Քեմալը ընդունում է «Աթաթուրք» ազգանունը, հայ գեղագիրը հատուկ պատվեր է ստանում՝ 24 ժամվա մեջ այդ նոր ազգանվանը համապատասխան ստորագրության օրինակ ստեղծել Մուսթաֆա Քեմալի համար: Չերչիյանը, ով ավելի քան 50 տարի շարունակ մաթեմատիկա, աշխարհագրություն և գեղագրություն է դասավանդել Ստամբուլի Ռոբերտ քոլեջում (ներկայիս Բոսֆորյան համալսարան), Աթաթուրքի համար ստորագրության 5 տարբերակ է ստեղծում: Դրանցից Քեմալն ընտրում է մեկ վերջնական էսքիզ և այնուհետև օգտագործում է միայն այդ ստորագրությունը:
Ինչպես տարբեր առիթներով լրատվամիջոցերին և իր ուսանողներին պատմել է հենց ինքը՝ Հակոբ Վահրամ Չերչիյանը՝ իր այս ծառայության համար նա Աթաթուրքից հատուկ շնորհակալական նամակ է ստացել: