Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Բոլոր ժամանակների և ազգերի ամենահանճարեղ ռեժիսորը»։ Այսպես է բնութագրել Սերգեյ Փարաջանովին դերասանուհին Քաթրին Դենյովը:
Այսօր հանճարեղ Փարաջանովի (կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ ) ծննդյան օրն է. 1924 թ. հունվարի 9, Թբիլիսի:
Panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան այցելելու են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին, այնուհետև թանգարանում լինելու է հյուրասիրություն:
Մանկուց Ս. Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
«Կինոյի պատմության մեջ հանճարներ քիչ կան, նրանցից են Բրեսոնը, Միդզոգուտին, Դովժենկոն, Փարաջանովը, Բունյուելը….»,- ասել է ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին:
Սերգեյ Փարաջանովը մահացել է թոքերի քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին 21-ին Երևանում: «Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»,- հատված՝ Ֆեդերիկո Ֆելլինիի, Տոնինո Գուեռայի, Ջուլիետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելլո Մաստրոյանիի, Բեռնարդո Բերտոլուչիի՝ Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրից:
Փարաջանովն ասել է. «Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան