Արցախցի երգիչը արժանացել է «Գրան Պրի»-ի
Արմատներով հադրութցի բարիտոն Սար Սարգսյանն Իսպանիայի Լլորետ դե Մար ծովափնյա քաղաքում մասնակցել է «Gran Fiesta» միջազգային արվեստի մրցույթին և նվաճել հերթական «Գրան Պրի»-ն: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սար Սարգսյանը նշել է, որ միջազգային արվեստի մրցույթը կազմակերպել էր «Fiestalonia Milenio» միջազգային կազմակերպությունը:
«Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչների հետ մասնակցելով երկու՝ «Folk vocal» և «Pop Vocal» անվանակարգերում՝ արժանացել եմ երկու մրցանակի։ «Folk vocal»-ում, կատարելով «Ղարաբաղի հորովել» երգը, արժանացել եմ առաջին մրցանակի, իսկ «Pop Vocal»-ում՝ Falvo «Dicitencellovuje» երգով՝ «Գրան Պրի»-ի,- ասել է Ս. Սարգսյանը և ընդգծել, որ իր համար դա մեծ հպարտություն է, քանի որ մրցույթին մասնակցում էր Ադրբեջանից եկած մեծ պատվիրակություն:
«Իմ՝ արցախցի երգչիս հաղթանակով հայոց եռագույնի ծածանումը մեծ խորհուրդ ունի»,- խոսքն ավարտել է Ս. Սարգսյանը:
Նրա խոսքով, չնայած իր հաղթանակի պահին ադրբեջանցի ներկայացուցիչների շատ լարված ու նյարդային վիճակում էին, բարեբախտաբար, որևէ տհաճ միջադեպ չգրանցվեց:
Մրցույթին Սար Սարգսյանին ներկայացրել է կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան (WAPA)՝ նախագահ Արման Ղուկասյանի գլխավորությամբ։ Անցած տարի արցախցի երգիչը Բուլղարիայում և Խորվաթիայում կայացած միջազգային մրցույթներում արժանացել է 2 «Գրան Պրի» մրցանակի, Իտալիայում և Խորվաթիայում երկուական անվանակարգերում՝ 4 ոսկե մեդալի և Լիտվիայում՝ «Լավագույն դասական երգիչ» անվանակարգի։
Սար Սարգսյանը ծնվել է 1981 թվականին Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, իսկ 2007-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի նույն բաժինը: «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր Սար Սարգսյանը 2008-ին էլ ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան:
Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերի՝ «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոններին մասնակցելու համար: Որպես մենակատար՝ համագործակցել է Շուշիի «Վարանդա», Արցախի պետական «Մռակած» կամերային և «Վարարակն» ակադեմիական երգչախմբերի, ինչպես նաև, Արցախի կամերային նվագախմբի հետ:
Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում , Չինաստանում: Երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ՝ արցախցի երաժիշտը համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադայի ժանրում: 2012 թ. լույս է տեսել Սար Սարգսյանի «Կարոտ» անդրանիկ ձայնասկավառակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում