ՀայՓոստը համագործակցում է «Ռիա Մանի Թրանսֆեր»-ի հետ
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ Ռիա Մանի Թրանսֆեր դրամական փոխանցումների ընկերությունը («Ռիա») հայտարարել են դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նոր պայմանագիրը ՀայՓոստի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով (EUR) և ԱՄՆ դոլլարով (USD) կանխիկ փոխանցումներ ստանալ ՀայՓոստի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից: Ապահով և մատչելի ծառայության մատուցումից բացի ՝ «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը ՀայՓոստի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 147 երկիր և 287 000 սպասարկման կետ:
Վերջին շրջանում ՀայՓոստը ռազմավարական քայլեր է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 2015 թվականի հուլիսի 21-ին ընկերությունը բացեց իր առաջին միջազգային մասնաճյուղը: Սուրհանդակային և առաքման ծառայությունների մատուցման հետ մեկտեղ վերջերս մեկնարկել է ՀայՓոստի «ՇոփԻնԱմերիկա» ծառայությունը, որը Հայաստանի բնակիչներին ազատ և հեշտ կերպով հասանելի է դարձնում ԱՄՆ շուկայի ապրանքները:
Նոր մասնաճյուղը, որը կամուրջ է հանդիսանում Հայաստանի և ԱՄՆ միջև, այժմ ՀայՓոստի ամերիկաբնակ հաճախորդներին թույլ կտա Ռիա Մանի Թրանսֆերի միջոցով նաև կանխիկ գումար ուղարկել իրենց սիրելիներին Հայաստանում: Հաճախորդները կարող են գումարն ուղարկել նաև առցանց՝ www.riamoneytransfer.com կայքից՝ վճարումն ապահովելով Հայաստանում ՀայՓոստի յուրաքանչյուր իրավասու բաժանմունքից:
«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով. «ՀայՓոստի և Ռիա Մանի Թրանսֆերի միջև համագործակցությունը մեծ հնարավորություն է, որը հաճախորդներին թույլ է տալիս կանխիկ փոխանցումներ ուղարկել և ստանալ աշխարհի տարբեր անկյուններից: Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ Ռիա Մանի Թրանսֆերի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, և լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»:
«Ռիա»-ի Նախագահ և Գործադիր տնօրեն Խուան Բիանքին ավելացրեց. «ՀայՓոստի հետ դրամական փոխանցումների մեր նոր ծառայության մեկնարկը կատարվում է ճիշտ ժամանակին՝ հատկապես հաշվի առնելով ՀայՓոստի ներկայիս ընդլայնումը Միացյալ նահանգներում, և մենք ուրախ ենք Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի հետ գործընկերության համար: «Ռիա»-ի ընդհանուր տեսլականի բաղկացուցիչներից մեկը ամբողջ աշխարհով մատչելի փոխանցումների մեծագույն հասանելիության ապահովումն է, և փոստային բաժանմունքները գերազանց ճանապարհ են այդ հոսքն ապահովելու համար: ՀայՓոստը նաև ռազմավարական նշանակություն ունեցող տեղակայմամբ բազմաթիվ բաժանմունքներ ունի հեռավոր բնակավայրերում, և մենք ակնկալում ենք լավագույն ծառայություն մատուցել արտասահմանում բնակվող հայերին՝ նրանց առաջարկելով ընտանիքներին փող ուղարկելու ապահով և մատչելի այլընտրանք»:
2014 թվականին Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն՝ Հայաստանը փոխանցումներից ստացել է 2.2 միլիարդ դոլլար, և 2013 թվականին այդ փոխանցումները կազմել են երկրի համախառն ներքին արդյունքի 21%-ը: