Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի յուրաքանչյուր քայլին. Հ. Մարտիրոսյան
Լավ կլինի, որ Հայաստանը ոչ թե արձագանքողի դերում լինի, այլ նախաձեռնողի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ խոսելող ղարաբաղյան հակամարտության գործընթացի և Ադրբեջանի վարած քաղաքականության մասին:
Ըստ նրա, Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի յուրաքանչյուր քայլին, հետևի նմանատիպ իրավիճակում գտնվող Իսրայել օրինակին, որի պատասխանը տաս անգամ ավելի ուժեղ է:
«Հայաստանի պատասխանը Ադրբեջանի քայլերին ամոթալի է: Մենք անընդհատ հայտարարում ենք, որ պատասխանելու ենք, հարվածելու ենք: Ամոթալի իրավիճակ է»,- նշեց նա:
Հ. Մարտիրոսյանի խոսքով, պետք չէ սահմանին լարվածությանը կապել երկու երկրների նախագահների հանդիպումների հետ:
«Միգուցե լարվածության տոկոսն այդ ժամանակ մեծացվում է, բայց Ադրբեջանն ունի հստակ քաղաքականություն՝ ռազմական լարվածությունն անընդհատ պահել, ինչը հոգեբանական ահաբեկչության մեթոդ է: Այդպես նաև ուզում են վախեցնել մեզ, բարոյապես հյուծել: Անընդհատ լարվածությունը պահելով՝ իրենք պատերազմի կրակը չեն մարեցնում»,- ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: