Հայաստանում սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը. Վահան Պողոսյան
Սուր-շնչառական հիվանդությունների տարածման հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` ԶԼՄ-ներին հորդորելով անհանգստացնող թվեր և տրամադրություն չստեղծել:
Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում սուր-շնչառական հիվանդությունների, գրիպի H1N1 վիրուսի, թոքաբորբերի համաճարակ չկա, կա սուր շնչառական հիվանդությունների և գրիպի սեզոնային բարձրացում: Վ.Պողոսյանը նշեց, որ գրիպի դեպքերի ավելացմանը նպաստել են ցուրտ եղանակն ու տոնական օրերին մարդկանց շփումները: Ամեն դեպքում՝ ամենօրյա ուսումնասիրություններ են իրականացվում, բոլոր հիվանդներն ուշադրության կենտրոնում են:
«Գրիպի H1N1 վիրուսի դեպքեր կան, որոնք հետազոտությունով հաստատվել են, կան նաև սովորական թոքաբորբեր: Տարվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հիվանդությունների տարածումը, բարձրացումը ընկճվի, զարգացում չլինի, չլինի բռնկում ու համաճարակ։ Իսկ համաճարակն ու բռնկումը տերմիններ են, որոնք օգտագործվում են համապատասխան թվերի առկայությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրում համաճարակ չկա, խուճապի մատնվելու կարիք չկա, բայց զգոնության կարիք կա»,-ասաց նա։
Նրա խոսքերով՝ առողջապահության նախարարի մի քանի հրամաններով կարգավորվել են ոչ աշխատանքնային օրերին բնակչության համար բուժօգնություն և սպասարկում ապահովելու գործընթացները: Բացի այդ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է սուր շնչառական հիվանդություններով, թեև տոնական օրերին քաղաքացիները բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ այլ խնդիրներով:
Վահան Պողոսյանի խոսքերով՝ բոլոր բուժհաստատություններում գրիպով հիվանդներն անմիջապես ընդունվել են և ընդունվում են, հիվանդների բուժումն իրականացվում է անվճար, իսկ բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:
«Հիվանդանոցներն ապահովված են «Տամիֆլյու» դեղով, որը տրամադրվում է անվճար: Կա անհրաժեշտ քանակությամբ դեղորայք և ներկա պահին Հայաստանը «Տամիֆլյու»-ի խնդիր չունի»,- ասաց նա` հավելելով, որ կանխարգելիչ մյուս դեղամիջոցներն էլ առկա են պոլիկլինիկաներում:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արտավազդ Վանյանն էլ ներկայացնելով վիճակագրությունը՝ նշեց, որ այսօր սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ է հաստատվել H1N1 վիրուսը:
Վերակենդանացման բաժանմունքներում ներկայումս բուժում ստանում է սուր-շնչառական հիվանդություններով վարակված 77 քաղաքացի, որից 11-ը միացված են արհեստական շնչառության սարքին։
«11-ից 4-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուս, իսկ մյուսների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել: 11 հիվանդներից մեկը ծննդկան է, նրա մոտ H1N1-ի չի հայտնաբերվել, սակայն վիճակը ծանր է, մենք պայքարում ենք նրա կյանքի համար, իսկ նրա երեխան իրեն լավ է զգում»,- ներկայացրեց Վ. Պողոսյանը՝ հավելելով, որ 855 հիվանդներից 101-ը հղիներ են, որոնցից 37-ը՝ թոքաբորբով. «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հիվանդ հղիների նկատմամբ: Ամենահասարակ նշանի դեպքում հոսպիտալացրել ենք, որպեսզի հետագայում խնդիր չունենանք»:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա, ըստ փոխնախարարի, 2015թ-ի վերջին սուր-շնչառական հիվանդություններից մահացել է 3 մարդ, նույնքան մարդ այս տարվա առաջին տասն օրերին։ «Ընդհանուր առմամբ մահացածների թիվը վեցն է, որոնց բոլորի մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը»,-ասաց նա։
Վահան Պողոսյանը նաև ընդգծեց, որ պարտադիր չէ մարդու մոտ H1N1 ախտորոշվի և նա շատ ծանր վիճակում լինի։ «Կան դեպքեր, երբ այս վիրուսով հիվանդ մարդը տանը թեթև տանի, մեկ այլ մարդ այլ վիրուսով ծանր վիճակում վերականդանացման բաժանմունքում է»,-ասաց նա։