Սերգո Կարապետյան. Պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու համար
Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11. 6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում: Այսօր հրավիրած խորհրդակցությանը նման թվեր է հրապարակել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշել է Կարապետյանը:
Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:
Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է նաև հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը:
Նախարարը կարևորել է նաև աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում: