Ադրբեջանին սպառնում է հիպերինֆլյացիա
2015թ-ի դեկտեմբերին ադրբեջանական մանաթի երկրորդ արժեզրկումից հետո երկրի արժութային շուկան չի կայունանում: Խանութներից բացակայում են ակցիզային ապրանքները, փոխանակման կետերը և բանկերը գործնականում դադարեցրել են արտարժույթի վաճառքը, իսկ «սև շուկայում» եվրոն և դոլարը սակարկվում են ԿԲ-ի հաստատած պաշտոնական փոխարժեքից 30-40% տարբերությամբ:
Այս համատեքստում անորոշ է մնում, թե ինչքան կարող է շարունակվել ներկա վիճակը և ընթացիկ տարում ինֆլյացիայի ինչ մակարդակի կլինի: Հստակ է մեկ բան, եթե դոլարը շարունակի արժևորվել, Ադրբեջանը չի կարողանա խուսափել հիպերինֆլյացիայից: Դրա վառ օրինակը նախորդ տարի Ուկրաինան էր, որտեղ ինֆլյացիան կազմել է 43%:
Ադրբեջանի Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վուգար Բայրամովի խոսքով՝ դժվար է կանխատեսել ինֆլյացիայի մակարդակը, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը, կասկած չկա որ այն 2016թ-ին կլինի երկնիշ ցուցանիշ:
Փորձագետների կարծիքով, եթե տեղի ունենա մանաթի երրորդ արժեզրկումը, ապա 2016թ-ին ինֆլյացիայի մակարդակը կկազմի 14% և ավելին, ինչը կլինի վերջին տարիների ամենամեծ ցուցանիշը:
Բայրամովի խոսքով՝ երկրում շատերը այն համոզմանն են, որ մանաթը արժանանալու է ուկրաինական գրիվնայի ճակատագրին և ինֆլյացիան կազմելու է 40%-ից ավելի: