«Երազում եմ նստել ու գրել, բայց ցուրտ է». Ինչպե՞ս է ապրում Անտոնինա Մահարին
«Ահա, նախարարն էլ ընկել էր, իսկ հիմա ո՞վ չի ընկնում: Ընկել էի, դեպրեսիա էր առաջացել մոտս, սթրեսի մեջ էի», -այսպես արձագանքեց գրող, Գրողների միության անդամ Անտոնինա Մահարին, երբ փորձում էինք հետաքրքրվել` ինչ վիճակում է, ինչպես է իրեն զգում:
Այս օրերին համացանցում ակտիվորեն տեղեկություն էր շրջանառվում, որ հայ հայտնի գրող Գուրգեն Մահարու կինը` Անտոնինա Մահարին, ծանր վիճակում է, գամված է անկողնուն և օգնության կարիք ունի:
Արաբկիր համայնքի շենքերից մեկի բնակարանի դուռը խիստ տարբերվում է մյուսներից` հնացած է, իրական սպիտակը ծածկել է տարիների փոշին ու կեղտը: Դռան վրա նշված է` Գուրգեն Մահարի, ինչն էլ հուշում է, որ դա հայտնի հայ գրողի բնակարանն է: Մտնում ենք` ոտքերի տակ մանրատախտակի ճռռոցի ուղեկցությամբ, հասնում մի մութ սենյակ, որտեղ Մահարու կինը` 92-ամյա տիկին Անտոնինան, հեռախոսով բարեկամի Ամանորն էր շնորհավորում:
Հեռախոսազրույցն ավարտեց ու երկար, ձմեռային խալաթով և ձմեռային շարֆ-գլխարկով փաթաթված նստեց բազկաթոռին և մեզ էլ հրավիրեց սենյակ: Սենյակը ցուրտ է, մանրատախտակի կտորներն այլևս իրենց նախկին դիրքին չեն ու խանգարում են քայլելուն, թեպետ նրանց մի մասին շատ բարակ, գորգ ծառայող կտորը թաքցնում է իր տակ:
Սեղանին մանդարին ու այլ մրգեր կան, դատարկ ափսեներ, որոնք հուշում են, որ Ամանորն այստեղ նշելու փորձեր եղել են: Բնակարանի տիրուհին ձմռան օրերին իր համար փոքրիկ սենյակ է առանձնացրել, էլեկտրական սալիկով ջեռուցում է, բայց ամենամեծ սենյակը, որտեղ ցանկանում է գրել-ջնջել ու կարդալ, չի ջեռուցվում:
«Երազում եմ նստել ու գրել, բայց ցուրտ է, ձեռքերս սառում են: Հիմա գրում եմ իմ մտքում: Ամառը եկեք, կտեսնեք` ինչ ջերմ է այստեղ, արևը մտնում է սենյակ, տաքացնում», -ասում է տիկին Մահարին:
Հետաքրքրվեց` կարդացե՞լ ենք իր «Իմ Ոդիսականը» և երբ դրական պատասխան ստացավ, ուրախացավ: Նա իր թարմ պատմությունը տվեց ու ստիպեց մինչև վերջ կարդալ` Մահարու և իր դժվարին կյանքի մասին էր:
Մահարին այս սենյակում ամենուր է` տիկին Անտոնինայի կողքին, գլխավերևում ու նաև ամենատաքուկ տեղում` տիկնոջ սրտում:
«Շատ դժբախտ մարդ էր Մահարին և այդ պատճառով էլ նրան սիրում էի ու վերջ», -ասում է կինը:
Մահարու նկատմամբ սերը 92-ամյա կինը այսպես է ներկայացնում. «Լսեք, նա ինձ հարազատ մարդ է, դժվար ժամանակները եղել ենք միասին: Ինչպիսին ձեր սերն է` սիրեցինք, գնացինք անկողին, այդպես չէր: Դա միանգամայն այլ սեր էր, ես ցանկանում էի նրան փրկել, նա մահանում էր, ցանկանում էի նրան դուրս բերել գերեզմանից: Դուք դա չեք հասկանա, դա միանգամայն այլ սեր էր: Շատ թանկագին մարդ էր, նրա հետ երջանիկ էի ու դրա համար նրա հետ էի»:
Հիշում է` դասականները իրեն հյուր են եղել:
«Սևակն է այցելել, Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը ու շատ-շատերը: Նրանք խմում էին, քնում սենյակում, և ես նրանց արթնացնում էի, ասում էի` գնացեք ձեր տուն իմ բալիկներ»,-ժպտալով հիշում է տիկին Անտոնինան:
Հպարտ կինն ասում է` օգնության կարիք չունի, «ոսկի ընկերուհիներ» ունի, որոնք իրեն օգնում են, խնամում:
Նաև ասում է` շնորհակալ է բոլորին, որ իրեն ուշադրություն են դարձնում:
«Ես գնահատված եմ, ի՞նչը կարող է դրանից լավ լինել», -ասում է տիկին Մահարին ու ընկերուհուն խնդրում բերել նախագահ Սարգսյանի շնորհավորանքը` 2013-ին իր 90-ամյակի առթիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան