Wall Street Journal. Նավթի գների անկումը սպառնում է ամերիկյան արդյունահանողներին սնանկությամբ
«Հում նավթի գները հունվարի 11-ին կրկին անկում ապրեցին 5%-ով և հասան մոտ $30 մեկ բարելի դիմաց` դարձնելով սնանկության հեռանկարը էլ ավելի հավանական ամերիկյան նավթային արդյունաբերության մի շարք ընկերությունների համար։ Երեք մեծ ներդրումային բանկեր` Morgan Stanley, Goldman Sachs Group եւ Citigroup-ը ակնկալում են, որ նավթի գները կընկնեն մինչեւ $20-ի միջակայքը չինական տնտեսության աճի տեմպերի նվազման, ամերիկյան դոլարի արժեւորման հետեւանքով, ինչպես նաեւ այն պատճառով, որ նավթահորները` ամերիկյան Հյուսթընից մինչեւ սաուդյան Ռիյադ չեն դադարելու արդյունահանումը չնայած գնանկմանը», - գրում է Wall Street Journal-ը։
Մեջբերելով հայտնի հետազոտական Wolfe Research ընկերության գնահատականները, Wall Street Journal-ը կանխատեսում է, որ մինչեւ 2017-ի կեսերը ամերիկյան նավթային եւ գազային ընկերությունների 1/3-ը կհասնի սնանկացման։ Որոշ ընկերությունների համար գոյատեւումը հնարավոր է միայն նավթի մեկ բարելի դիմաց $50 գնի պարագայում։ Մինչդեռ Brent տեսակի հում նավթի գինը արդեն հասել է $31-ի` թարմացնելով շուրջ 12 տարվա ռեկորդը։
Հոդվածագիրները նշում են, որ չնայած նավթի միջազգային գների անկմանը, 2016-ի առաջին շաբաթվա ընթացքում ամերիկյան ընկերությունները ավելացրել են նավթի արդյունահանումը մոտ մեկ տոկոսով եւ հասել են օրական 9,2մլն բարել ծավալի։ Այսպիսի աճը չի վերաբերում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալներին, որը ամերիկյան յոթ գլխավոր շրջաններում, ընդհակառակը, պակասել է օրական մոտ 116 հազար բարելով։