Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է. Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար
«Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է»: Այս մասին ասված է Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովի մեկնաբանությունում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այս համատեքստում Վեհափառ Հայրապետն որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջաններ են եղել, երբ մտցված կարգուկանոնն ապահովել է հարաբերական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում: Մշտապես նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը:
Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում:
Մեր դիրքորոշման վառ ապացույցն է Ռուս Ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է, մենք մշտապես բաց, հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում», - ասված է մեկնաբանությունում։