Իրանի իշխանական համակարգում Սաուդյան Արաբիայի հարցում տարաձայնություններ կան
Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում առաջացած լարվածության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի դատարանի կայացրած որոշման համաձայն՝ շիայական համայնքի առաջնորդ, այաթոլլահ Շեյխ Նեմեր Բաղեր ալ-Նեմերը մահապատժի ենթարկվեց: Շեյխ Նեմերի մահապատժին հաջորդած իրադարձություններից հետո Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Սուդանը, Ջիբուտին Իրանի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններն իջեցրին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:
«Վերջին օրերին Իրանում Սաուդյան Արաբիայի հանդեպ առավել խիստ դիրքորոշում որդեգրած ուժերի կողմից իրականացվող գործողություններն ԻԻՀ ԱԳ նախարարությանը կանգնեցնում են լուրջ խնդիրների առջև»,-մեզ հետ զրույցում նշեց փորձագետն ու հավելեց. «Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա կատարված հարձակման բացասական հետևանքները դեռ չվերացրած՝ Իրանի ԱԳ նախարարությունն այս անգամ բողոք է ներկայացրել՝ ընդդեմ Թեհրանի քաղաքապետարանի: Բանն այն է, որ Թեհրանի քաղաքապետարանը Մեջլիսի մի քանի պատգամավորների և այլ շրջանակների հորդորով, առանց ԱԳ նախարարության կարծիքը հաշվի առնելու՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության փողոցն անվանակոչել է մահապատժի ենթարկված Շեյխ Նեմերի անունով»:
Իրանագետը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող գործընթացները, նկատեց. «Առկա գործընթացները վկայում են, որ Հասան Ռոհանիի կառավարության վարած մեղմ արտաքին քաղաքականությունը չի գոհացնում պահպանողական թևին: Տևական ժամանակ է, ինչ Ռոհանիին քննադատում են Սաուդյան Արաբիայի (Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպը), Ադրբեջանի (Նարդարանի դեպքերը) և Թուրքիայի (Էրդողանի՝ հակաիրանական հայտարարությունները) հանդեպ մեղմ քաղաքականություն վարելու մեջ: Հաշվի առնելով այն փաստը, որ փոտրվարի 26-ին Իրանում պետք է անցկացվեն Մեջլիսի 10-րդ գումարման ընտրությունները, պահպանողականների կողմից բարեփոխական քաղաքականությանը կողմնակից իշխանության վրա կատարվող «հարձակումները» չեն դադարի»:
«Ընդամենը մի քանի ամիս առաջ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ուխտագնացության ժամանակ հարյուրավոր իրանցիներ զոհվեցին, այդ թվում՝ նախկին դեսպաններ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Ւրանի իշխանությունները Սաուդյան Արաբիային մեղադրեցին աղետը չկանխելու և անգործության մեջ, այդ ժամանակ Թեհրանում հակասաուդական այն բողոքը տեղի չունեցավ, ինչը կատարվեց այս օրերին: Սա նշանակում է, որ Ռոհանիի կառավարության՝ արտաքին քաղաքականության հարցում պահպանողականների հանդուրժողականությունն այլևս խախտված է, որը կարող է վտանգել նաև միջուկային համաձայնության կատարումը»,-հավելեց իրանագետը: