ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Ամերիկայի ձայն
Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության շրջանում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ , նշել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
Ինչպես հաղորդվում է, կոնգրեսականը նման հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, իսկ նախորդ շաբաթ էլ կոնգրեսականի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էին հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական:
«Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում», - նշել է Ռոյսը:
Կոնգրեսականի խոսքով, խաղաղության ապահովման և բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել և պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից և շփման գծից:
«Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, ապա, անկախ փորձագետների և Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակի: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջները», - նշել է Էդ Ռոյսը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան