Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է. Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի և Ռիիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանը փակ պահելը: Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպումների ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը եւ հետագա զարգացումը, որին նպաստում են հանդիպումներն ու կարծիքների փոխանակումը:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմային Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանը փակ պահելը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտելի է:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա: