Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»
Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա, սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաճարակաբան Աշոտ Դավիդյանցը:
Ըստ նրա՝ «համաճարակ» բառը պետք չէ տեղին, անտեղին օգտագործել. «Օրինակ՝ եթե Աբովյանում կարմրուկով հիվանդանում է 10 մարդ, այդ դեպքում կարող ենք ասել բռնկում, բայց ոչ թե համաճարակ: Մեկ այլ օրինակ բերեմ՝ եթե Հայաստանում գրանցվի խոլերայի մի քանի դեպք, ապա դա կդիտվի որպես համաճարակ, քանի որ այդ հիվանդությունը հատուկ չէ Հայաստանին, իսկ գրիպի հարուցիչները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ուստի նրա տարածվածությունը սեզոնին միշտ էլ բարձր է լինում»:
Նրա խոսքերով՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը (խոզի գրիպ): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՝ «խոզի գրիպն» այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը, և այն համարվում է սեզոնային գրիպի ենթատեսակ: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը:
«Նորից եմ կրկնում՝ մենք գործ ունենք սեզոնային գրիպի հետ: H1N1-ը գրիպի ենթատեսակ է, որի ընթացքն ավելի ծանր է, քան սեզոնային գրիպի դեպքում, սակայն այն նման չէ թռչնի գրիպին, որը շատ ավելի ծանր ընթացք է ունենում»,- ընդգծեց Աշոտ Դավիդյանցը:
Այս տարի, ըստ համաճարակաբանի, գրանցված դեպքերն ավելացել են իրազեկման արդյունքում:
«Եթե մի քանի տարի առաջ մենք չգիտեինք, այդ մարդիկ գրիպի ինչ ենթատեսակով էին վարակված, հիմա գիտենք, քանի որ կոչ է արվում՝ ցանկացած ախտանիշի դեպքում դիմել բժշկի: Այսինքն՝ մենք ունենք գրիպի դեպքերի աճ՝ ի հաշիվ դիմելիության բարձրացման: Հիմա առաջին իսկ ախտանիշների դեպքում մարդիկ դիմում են բժշկի և լաբորատոր հետազոտություն է արվում՝ որոշելու գրիպի տեսակը»,- ասաց Աշոտ Դավիդյանցը:
Նա միաժամանակ նշեց, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Իրականում, ըստ նրա, կարևորը ոչ թե հիվանդների կամ դիմողների քանակն է, այլ ծանր դեպքերի ցուցանիշը:
Նրա խոսքերով՝ պետք է ուշադրություն դարձնել այն թվերի վրա, որոնք նկարագրում են ծանր դեպքերը. «Մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ: Գրիպը չի կարող հանդիսանալ մահվան պատճառ: Անմիջական մահվան պատճառ հանդիսանում է երիկամային անբավարարությունը, թոքային հյուսվածքի այտուցը, բայց ոչ H1N1-ը, այլ այդ վիրուսից զարգացած բարդությունները, ինչպես նաև ուշ դիմելիությունը»:
Մասնագետը միաժամանակ նշեց, որ չկա վիճակագրություն, թե նախորդ տարիներին գրիպից մահվան քանի դեպք է արձանագրվել. «Ի՞նչ գիտեք, թե անցած տարիներին գրանցված մահերը այս ժամանակահատվածում գրիպով չեն եղել: Եթե մենք ունենայինք նախորդ տարվա վիճակագրություն, ըստ որի՝ մահ գրանցվել է H1N1-ից առաջացած բարդություններից, ապա հիմա կարող էինք խոսել բռնկման կամ համաճարակի մասին»:
Ըստ Աշոտ Դավիդյանցի, Առողջապահության նախարարությունն այժմ աշխատում է թափանցիկ,
ներկայացնում է իրական իրավիճակը և բարձրացնում մարդկանց զգոնությունը. «Հենց դրա արդյունքում է, որ ունենք այս ցուցանիշը»:
Աշոտ Դավիդյանցը գրիպից խուսափելու համար խորհուրդ տվեց առաջին հերթին բարձրացնել իմունիտետը, հրաժարվել դիետաներից:
«Պարտադիր սնվեք բանջարեղենով, մրգերով, սնունդը պետք է հագեցած լինի և ճարպերով, և սպիտակուցներով: Կան պրոֆիլակտիկ միջոցներ, որոնք բնությունն է մեզ տվել, օրինակ՝ սխտորի, սոխի կիրառումը, վիտամին C-ի կիրառումը, այսինքն՝ իմունիտետը բարձրացնող միջոցներ»,- ասաց նա:
Բացի այդ, համաճարակաբանը խորհուրդ տվեց ձեռքերը հաճախակի լվանալ, խուսափել մեծ քանակի մարդկանց միջավայրում լինելուց. «Եթե մարդը հիվանդ է, պետք է դա գիտակցի ու դուրս չգա կամ դիմակով դուրս գա: Եթե մեր շրջապատում ունենք հիվանդ մարդ՝ պետք է ճիշտ իրազեկենք, որ այդ վիճակով աշխատանքի չգա, միջավայր չմտնի: Իսկ եթե քաղաքացին կասկածներ ունի, որ գրիպ է, ապա պետք է առաջին հերթին դիմի հիվանդանոց կամ տեղամասային պոլիկլինիկա»:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Միակ հարցը մնում է սա. «Եթե ԸՆԴԱՄԵՆԸ գրիպի դեպքում մի ամսից էլ քիչ ժամանակում մահանում է 10 մարդ, ծանր վիճակում են տասնյակները, ապա ինչ կաներ ՀՀ ԱՆ-ն, եթե ԸՆԴԱՄԵՆԸ գրիպ չլիներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին