Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:
ԱՆ-ից ներկայացնում են, որ որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`
• ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,
• հազ,
• հարբուխ,
• կոկորդի ցավ,
• գլխացավ,
• մկանացավ,
• փորլուծություն և փսխում:
Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`
• հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
• կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),
• երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,
• հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
• պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:
Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց
Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`
• առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,
• երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,
• շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,
• երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,
• առկա են ցնցումներ,
• առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,
• երեխան անսովոր գերգրգռված է,
• առկա է ծանր ջրազրկում,
• եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,
• երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»
- H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
- Մահացել է երեխա, որի մոտ բացի քաղցկեղից հաստատվել է նաև H1N1