Մշակութային միջոցառումները կարևոր են մեր երկրների միջև հարաբերությունների խթանման համար. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
«Ճապոնիայում հոլիվուդյան ֆիլմերը սիրված և ճանաչված են, բայց Ճապոնիայում հենց ճապոնական արտադրության ֆիլմերն էլ բավական մեծ տոկոս են կազմում: Վերջին տարիներին նկարահանված ճապոնական վեց ֆիլմ ցուցադրվելու է նաև հայ հանդիսատեսի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Նա տեղեկացրեց, որ հունվարի 14-17-ը Երևանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն, որը նվիրվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության բացման 1-ամյակին: Փառատոնի թեման է՝ կինը:
«Մենք համարում ենք, որ մշակութային կապերը, միջոցառումները կարևոր են մեր երկրների միջև հարաբերությունների խթանման համար: Մտադիր ենք այս տարի մշակութային տարբեր միջոցառումներ իրականացնել»,- ասաց դեսպանը:
Ասուլիսին ներկա Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանի խոսքով, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը հետաքրքրված է հայ հանդիսատեսին հաղորդակից դարձնել ճապոնական մշակույթին, մասնավորապես՝ կինոյին:
«Այսօր կարևոր է ծանոթանալ նաև ճապոնական ժամանակակից կինոյին: Ճապոնական կինոն, արվեստը շատ խոր ավանդույթներ ունի կնոջ կերպարի մարմնավորման հետ կապված: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը նվիրված են ճապոնացի կնոջ խնդիրներին, ֆիլմերում բարձրացվում են կնոջը վերաբերող հարցեր: Այդպես այդ խնդիրները հանրության ուշադրությանն են արժանանում: Նման մոտեցումը, դրսևորումը այսօր շատ անհրաժեշտ է հանրության համար»,- նշեց կինոքննադատը:
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, «Ճապոնիա» հիմնադրամը և «Հիկարի» կենտրոնը:
«Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանելու ճապոնացի երկու ռեժիսոր՝ Հիրոշի Իշիկավան և Յասուհիրո Յոշիդան: Հունվարի 16-ին կազմակեպվելու է երկխոսություն, բանավեճ-քննարկում հայ կինոքննադատի և ճապոնացի ռեժիսորներ միջև: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է նաև նրանց ֆիլմերը: Փառատոնային ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնում ճապոներեն լեզվով՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 6 լիամետրաժ ֆիլմ:
Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ փառատոնը բացվելու է «Տոկիոյի անհաջողակները» ֆիլմով: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, ելույթ է ունենալու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը մի քանի տարի առաջ հյուրախաղերով հանդես էր եկել Ճապոնիայում և ապշեցրել ճապոնացի հանդիսատեսին իր կոմիտասյան, դասական կատարումներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում