«Եվրատեսիլ 2016». Ուկրաինացի երգչուհին ընտրական փուլում ներկայացնելու է կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի երգը
Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն մտադիր է մասնակցել «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի Ուկրաինայի նախընտրական փուլին: Նա մրցույթին մասնակցելու համար ընտրել է «Free now» երգը, որն ազատության մասին է: Երգի կոմպոզիտորն է Շուշան Սարգսյանը: Այս մասին գրում է day.kiev.ua կայքը
Խոսքերի հեղինակն է հայտնի ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն: Երգի մեջ հնչում է բլուլ, որը նվագում է Հայաստանի լավագույն բլուլահարներից Ավագ Մարգարյանը:
cultural.am կայքից տեղեկանում ենք, որ Շուշանը սկսել է ստեղծագործել 14 տարեկանից: Նա մասնակցել է «Одаренные дети надежда Украины» մրցույթին և 100-ից ավելի կոմպոզիտորներից անցնել լավագույն տասնյակի մեջ, ստացել մասնակցի դիպլոմ ու հատուկ մրցանակ: 1997-ին ընդունվել է Կրիվոյ Ռոգի (Ուկրաինա) պետական մանկավարժական ինստիտուտի երգչախմբային դիրիժորություն բաժինը: Երկու տարի այնտեղ գերազանցությամբ սովորելուց հետո տեղափոխվել է Խարկովի (Ուկրաինա) Կոտլյարևսկու անվան արվեստի ինստիտուտը /կոնսերվատորիա/ և ավարտել է այն 2003-ին՝ որպես երաժշտագետ: 2003-ին իր «Հայաստան երկիր» երգով հաղթել է «Սայաթ-Նովա» հանրապետական երգի մրցույթում, 2012-ին ստացել է Մեծ մրցանակ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում «Մտորումներ» կամերային-վոկալ ստեղծագործության համար: 2012-ին կոմպոզիտորների հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի «Արևելք և Արևմուտք» կամերային գործիքային ստեծագործության համար:
«Եվրատեսիլ-2016» մրցույթը կայանալու է Ստոկհոլմում 2016-ի մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու են՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավարություն:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը: