Կալաձեի հայտարարությունը SOCAR ընկերության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկրի բնական գազի դեֆիցիտը այս տարի հնարավոր չի լինի լրացնել միայն ադրբեջանական գազով: Փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ, նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական գազային SOCAR ընկերության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
Հաղորդվում է, որ Կախա Կալաձեն միաժամանակ նշել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագներ են մշակվում, իսկ Ադրբեջանից մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ են տեխնիկական աջակցություն և համապատասխան ներդրումներ, ինչին կողմերը պատրաստ են:
Աղբյուրի փոխանցմամբ, Վրաստանի էներգետիկայի նախարարը մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է մատակարարումների նոր նախագծին և դրանում SOCAR-ի մասնակցությանը: Կալաձեն հավելել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը, և որ 2016 թվականին նախատեսվում է համատեղ նախագծի շրջանակներում նոր գազատարի կառուցում, իսկ 2019թ-ին «Շահ-Դենիզ»-ի շահագործման երկրորդ էտապի սկսում:
Նշենք, որ մինչ SOCAR-ի ղեկավարության հետ հանդիպումը Կալաձեն ասել էր, որ ռուսական գազ գնելու դեպքում Վրաստանը կկարողանա բալանսավորել գազի պակասուրդը, որը չի կարողանում լրացնել SOCAR-ը. «Ես առայժմ թիվ չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ ռուսական գազը ավելի էժան է, քան առաքվող ադրբեջանականը: Այդ գինը մրցակցային է և մենք բաց կերպով ներկայացրել ենք SOCAR-ին, որպեսզի ադրբեջանական գործընկերները իմանան, թե ինչ առաջարկ ենք ստացել: Վաղը լինելու է հանդիպում SOCAR-ի ղեկավարության հետ, որից հետո հայտարարություն կանենք»