ՀԱԿ հայտարարությունը՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել նոր Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ:
«Կեղծելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի իշխանությունները ներկայումս լծվել են նոր Ընտրական օրենսգրքի ստեղծմանը, որն իբր պետք է ապահովի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացումը «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:
Գործող իշխանության օրոք Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրություններն ու սահմանդրական հանրաքվեները կեղծվել են, ոտնահարելով ժողովրդի կամարտահայտությունը, ինչի հերթական վառ ապացույցն էր անցյալ տարվա դեկտեմբերյան հանրաքվեն, որում, հակառակ Հայաստանի քաղաքացիների` հստակորեն արտահայտված կամքի, իշխանությունը գլխիվայր շրջեց իրական արդյունքը:
Հիմնական չարիքը, հետևաբար, համակարգային ընտրակեղծարարությունն է, որի շնորհիվ, անկախ կառավարման գործող սահմանադրական մոդելից և ընտրական համակարգից, վարչակարգը ապօրինաբար հռչակում է իշխող կուսակցության «հաղթանակը» ցանկացած ընտրություններում և հանրաքվեներում, իմաստազրկելով այդ գործընթացները:
Նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, ըստ այդմ, որևէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր հետևյալ խնդիրները:
1. Պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները: Այդ նպատակով անհրաժեշտ է`
ա) միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես`առանձին ընթացակարգով,
բ) հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունն ստացած`Վրաստանի 2011-2012 թվականների փորձը, ստեղծել իշխանությունների և ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման աշխատանքով:
2. Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն ստուգումների համար` կամ հրապարակման ձևով, կամ էլ ընտրությունների մասնակիցներին վերապահելով դրանք ընտրողաբար ստուգելու իրավունք:
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող տարածքը պետք է տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին:
4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին: Այս առումով նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:
5. Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պրոֆեսիոնալ մասնագիտացման սկզբունքով` պետության կողմից և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
6. Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
7. Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունել ԵԱՀԿ` նախկինում արված առաջարկները:
Նշված խնդիրները չլուծելը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են արդար և ազատ ընտւոթյունների անցկացման որևէ հեռանկարից: Հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, կոչ ենք անում բոլոր շագարգիռ քաղաքական ուժերին և միջազգային հանրությանը միավորվել այս նապտակների իրականացման շուրջ»,-ասված է հայտարարության մեջ::
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան