Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
Դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում ոստիկանների և «Նոր Հայաստան» շարժման միջև տեղի ունեցած միջադեպն «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նպատակաուղղված սադրանք է որակում:
«Խնդիր կար կալանավորել երիտասարդին, ակտիվ հասարակական, քաղաքական գործիչին: Եվ այսօր նա կալանավորված է»,-ասաց Հարությունյանը, նկատի ունենալով Գևորգ Սաֆարյանին:
Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի գործողությունները չեն տարբերվել ակցիայի մյուս մասնակիցների գործողություններից:
«Գևորգ Սաֆարյանի պնդմամբ, իր նկատմամբ խորհրդային մեթոդներ են կիրառվել, ոստիկանության աշխատակիցները փորձել են սադրել, որպեսզի ակցիայի մասնակիցները հակադարձ բռնություն իրականացնեն, երբ որ դա չի եղել, մի ոստիկան հաղորդում է տվել, երկու ուրիշ ոստիկան էլ հաստատել են, վկայություն տվել, քրեական գործ է հարուցվել, կալանավորվել է»,-ասաց Հայարապետյանը, հիշեցնելով, որ Սաֆարյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, իբր նա խոչընդոտել է ոստիկանության օրինական գործողություններին, բռնություն է գործադրել օրինական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ:
Փաստաբանն ասաց, որ Սաֆարյանը չի ընդունում, որ ոստիկանների գործողությունները եղել են օրինական:
««Հավաքների մասին» օրենքը սահմանում է, որ հատուկ միջոցներ ձեռնարկելը կամ հավաքից հեռացնելը պետք է լինի միայն այն ժամանակ, երբ ազգային անվտանգությանն է վտանգ սպառնում, կամ էլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտվում են: Եթե ինչ-որ մեկը տոնածառով մտնում է Ազատության հրապարակ, չեմ կարծում, մի իրավաբան կգտնվի, որ ասի, ազգային անվտանգությունը խաթարվում է կամ սահմանադրական իրավունքները խախտվում են: Այդ պարագայում էլ պետք է համաչափ ուշ կիրառվեր»,-ասաց նա, ավելացնելով, որ նրանց գործողությունները օրինական չեն եղել, իսկ ակցիայի մասնակիցներից ոչ մեկ՝ մասնավորապես Գ. Սաֆարյանը բռնություն չի իրականացրել ոստիկանի նկատմամբ:
Նա նշեց, որ ասուլիսից հետո ներկայացնելու են Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
- Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
- ՀԱԿ-ի հայտարարությունը` Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին
- «Նախախորհրդարանի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել