Եթե ալյուրի գինը նվազել է, ինչո՞ւ հացի գինը չի նվազում. Վարչապետը՝ Շաբոյանին
ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ նվազել են:
Նրա հանձնարարականով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց գնանկման մասին տեղեկատվությունը:
Ըստ նրա՝ հանձնաժողովը նախորդ տարեվերջին խիստ վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում, նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի գերիշխող դիրք զբաղեցնողները գների անհիմն թանկացումներ իրականացնեն:
Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքների գծով, դրանք այն ապրանքներն են, որոնք սոցիալական նշանակություն ունեն և ներմուծվում կամ արտադրվում են գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի մսին, ձվին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ալյո՞ւրն էլ:
«Այո՝ ալյուրը, ցորենը, ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ավտոգազը: Բոլոր այդ ապրանքների գծով Ամանորի նախաշեմին գների աճ չի արձանագրվել, ավելին, որոշ ապրանքատեսակնրի գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30 տոկոսով: Սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- ասաց Ա. Շաբոյանը:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում:
Շաբոյանն ասաց, որ հացի գների անկում իրենք արձանագրել են:
«Բայց ոչ 30 տոկոսի չափով»,- հակադարձեց վարչապետը:
Ա.Շաբոյանի խոսքերով՝ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել:
«Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, մինչև մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- հանձնարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: