ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ուղղված գործողությունների իր ծրագիրը
Հունվարի 15-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք Ընդհանուր վեհաժողովի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Ընդհանուր վեհաժողովի քննարկմանը կներկայացնի բռնի ծայրահեղականության կանխարգելմանն ուղղված գործողությունների իր ծրագիրը (A/70/675): Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումներից ԻԼԻՊ-ը, Ալ-Քաիդան և Բոկո Հարամը ձևավորել են բռնի ծայրահեղականության վերաբերյալ ունեցած մեր պատկերացումներն ու նպաստել են այդ սպառնալիքին դիմակայելու վերաբերյալ քննարկումներին: Կրոնական, մշակութային ու սոցիալական անհանդուրժողականություն ծնող նրանց հաղորդագրությունները արմատական հետևանքներ են ունեցել աշխարհի շատ շրջաններում: Զբաղեցնելով տարածքներ ու օգտագործելով սոցիալական լրատվամիջոցները իրենց իրականացրած դաժան հանցագործությունների մասին իրական ժամանակում հաղորդակցման նպատակով՝ նրանք ձգտում են վիճարկել խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության մեր ընդհանուր արժեքները:
Ծրագրում Գլխավոր քարտուղարը կոչ է անում համապարփակ մոտեցում ցուցաբերել, ինչը ներառում է ոչ միայն անվտանգության նկատառումներով իրականացվող առաջնային հակաահաբեկչական միջոցառումներ, այլ նաև պարբերաբար կատարվող կանխարգելիչ քայլեր՝ դիմակայելու այն հիմնարար պայմաններին, որ դրդում են անհատներին դառնալ արմատական կամ միանալ բռնի ծայրահեղական խմբերին:
Ծրագիրը համաձայնեցված գործողության կոչ է միջազգային հանրությանը: Այն ընդգրկում է ավելի քան 70 առաջարկություններ անդամ երկրներին ու ՄԱԿ-ի համակարգին՝ կանխելու ծայրահեղականության հետագա տարածումը:
Ծրագրին կցված է Ընդհանուր վեհաժողովի նախագահին ուղղված Գլխավոր քարտուղարի նամակը, որով վերջինս առաջարկում է մի նոր մոտեցում «Ամբողջ ՄԱԿ»-ը վերնագրով, որն էլ կգործի և՛ կենտրոնակայանում, և՛ կենտրոնակայանից դուրս։ Սա աջակցելու է բռնի ծայրահեղականության կանխարգելման ազգային, տարածաշրջանային ու համաշխարհային ջանքերին, ինչպես նաև անդամ երկրների գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը:
Ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի միջգործակալական մի ծավալուն գործընթացի արդյունքում և հիմնված է Ընդհանուր վեհաժողովի ու Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի հանդիպումների, անդամ երկրների միջև ինտերակտիվ զրույցների, միջազգային եւ տարածաշրջանային ժողովների արդյունքների վրա: