Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գրիպի և սուր շնչառական հիվանդություններին՝ հայտարարեց, որ համաճարակ չկա:
«Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերացազնող թվի մասին, և համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Ինչ վերաբերում է «Տամիֆլյու» դեղամիջոցին, որն այս օրերին դեղատներում հնարավոր չէ գտնել, նախարարը նշեց, որ այդ դեղամիջոցը հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի և այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից: «Բոլոր հիվանդանոցներում անխափան ձևով, անվճար սկզբունքներով տրամադրվել է «Տամիֆլյու»: Երեկվանից սկսած` դեղը եղել է նաև պոլիկլինիկական ցանցում` հաշվի առնելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը։ Այն դարձյալ անվճար է տրամադրվում»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Այն տեղեկությունները, թե նախկինում դեղը վաճառվել է 6000 դրամով, նախարարը նկատեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան և որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել: «Դեղատներում այդ դեղը կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»,- ասաց նա:
Արմեն Մուրադյանը մեկ անգամ ևս անդրադառնալով սուր շնչառական հիվանդություններին, նշեց, որ այսօրվա դրությամբ 948 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով. նրանցից 213-ը երեխաներ են: Հսկողության տակ է գտնվում 114 հղի, որից 38-ը՝ թոքաբորբով: 92 հիվանդներ մնում են վերակենդանացման բաժնում. նրանք ինտենսիվ բուժում են ստանում:
«Առողջապահության համակարգը աշխատել է ծանրաբեռնված, սակայն նվիրվածությամբ և արհեստավարժությամբ: Գրեթե բոլոր ծանր դեպքերի մասով կազմակերպված կոնսիլիումներին անձամբ եմ մասնակցել: Այո, 11 կյանք, ցավոք, չի հաջողվել փրկել, չնայած 10-12 օր բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար ու հավատացեք՝ ինքնամոռաց ձևով էին պայքարում»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքերով՝ դեպքերի մեծ մասը եղել են ուղեկցող հիվանդություններով: Ըստ նրա՝ տոնական օրերը նույնպես խանգարել են. «Տոնական օրերը նույնպես մեզ խանգարել են: Շատերը մտածել են, որ տոներից հետո կգնան բժշկի, բացի այդ, սերտ շփումները նպաստեցին վարակի տարածմանը»:
Նախարարը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի պոլիկլինիկաները աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան