Առաջին անգամ կներկայացվեն Վարդան Աճեմյանի Չորրորդ և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիաները
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը, որի մեկնարկը տրվելու է հունվարի 15-ին, կներառի չորս համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի շրջանակներում կներկայացվի հոբելյանական երեկոներ՝ կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:
Փառատոնի առաջին համերգին ելույթ է ունենալու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարելու է Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը, լինելու է նաև պրեմիերա՝ Խաչատուր Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը:
«Կարևոր փառատոն է, կարևոր երևույթ մեր կոմպոզիտորների համար: Փառատոնն ունի հստակ նպատակ, ձևավորված տեսլական, ստրատեգիկ նշանակության հաղթանակներ, օրինակ այն, որ Սերգեյ Խաչատրյանը կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ: Սա արդեն խոսում է այն մասին, որ կայացած փառատոն է: Փառատոնն անցկացվում է նախագահի բարձր հովանու ներքո, ինչը նույնպես կարևոր է, քանի որ մենք տեսնում ենք այն ուժը, որն ուղղված է հայ մշակույթին»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:
Նա նշեց, որ ծրագրերը, կոլեկտիվները, արտիստները, ովքեր ներգրավված են փառատոնում, վկայում են այն մասին, որ մեծ ապագա ունի փառատոնը. «Ամեն ինչ անում ենք, որ էլ ավելի զարգացնենք»:
Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում:
Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղեասպանության 100-րդ տարելիցին և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան