Ձեռնարկվել է հայերեն լիակատար Շեքսպիր ունենալու չորրորդ փորձը. Զավեն Բոյաջյան
««Անտարես»-ի հետ ձեռնարկել ենք հայերեն լիակատար Շեքսպիր ունենալու չորրորդ փորձը մեզանում: Արդեն լույս է տեսել վեց գործ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր պիես կտպագրվի առանձին գրքով. մատենաշարը կազմված կլինի 39 հատորից, ներառյալ նաև Շեքսպիրի բանաստեղծական ժառանգությունը, որը տեղ կգտնի եզրափակիչ հատորում:
«Ամբողջ Շեքսպիրը հայերեն ներկայացնելու նպատակին հետամուտ էր մեծ թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը (1864-1931): Հանգամանքներն ու վերահաս մահը խանգարեցին, որպեսզի նրա վիթխարի միանձնյա նախագիծն իրականանա: Տասնամյակներ անց՝ անցյալ դարի 60-ականներին, երբ ակադեմիկոս Ռուբեն Զարյանի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում ծնունդ առավ Շեքսպիրագիտության հայկական կենտրոնը, Շեքսպիրի երկերի հայերեն լիակատար ժողովածուն առաջնահերթություն դարձավ, մանավանդ որ Մասեհյանի անավարտ գործը շարունակել էին նրա ավանդների հետևորդներ Խաչիկ Դաշտենցը, Ստեփան Ալաջաջյանն ու Հենրիկ Սևանը, և արդեն լույս տեսած շեքսպիրյան հատորների կողքին հրատարակման էին սպասում նաև անտիպ թարգմանություններ: Բայց լիակատար Շեքսպիրը զանազան պատճառներով այդպես էլ ասպարեզ չեկավ, իսկ Ռուբեն Զարյանի մահից հետո մոռացության մատնվեց: 1997-ին այս նախաձեռնությանը հարություն տվեց Հենրիկ Սևանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորած «Առերեսում»-Անի» հրատարակչությունը՝ նախատեսելով դեռ գոյատևող Շեքսպիրագիտության հայկական կենտրոնի աջակցությամբ մինչև դարեվերջ հայ ընթերցողի սեղանին դնել Շեքսպիրի բոլոր տեղծագործությունները: Բայց լիակատար Շեքսպիրի հրատարակումը, հազիվ սկսված, ընդհատվեց Տիգրան Խաչատրյանի վաղաժամ մահվամբ. լույս տեսավ ընդամենը չորս գործ:
Ի հեճուկս ճակատագրի հեգնանքի և անբարենպաստ հանգամանքերի՝ շարունակ խափանված այս ծրագիրը պետք է կենսագործվի: «Անտարես»-ի հետ ձեռնարկել ենք հայերեն լիակատար Շեքսպիր ունենալու չորրորդ փորձը մեզանում:
Պիեսների հաջորդականությունը սահմանվել է այն ժամանակագրական աղյուսակի համաձայն, որ կազմել են Սթենլի Ուելզն ու Գարի Թեյլորը Ջոն Ջոուիթի և Ուիլյամ Մոնթգոմերիի հետ Շեքսպիրի երկերի լիակատար ժողովածուի օքսֆորդյան հեղինակավոր հրատարակության համար: Բոլոր, ընդսմին և մինչև օրս անտիպ մնացած թարգմանությունները հրապարակվել են և կհրապարակվեն նոր խմբագրությամբ և ներկայիս շեքսպիրագիտության մակարդակին հարիր ծանոթագրություններով ու մեկնություններով:
Լիակատար Շեքսպիրի ժամանակը վաղուց է հասունացել: Դեռ Թումանյանն էր ասում, թե «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար»»,- գրել է Զավեն Բոյաջյանը:
Հարակից հրապարակումներ`
- «100 բիզնես գաղտնիքներ»-ից մինչև «Մատյան ողբերգության». 2015-ին ամենաշատ վաճառված գրքերն են
- Միայն կին հեղինակների գործեր՝ «Սաֆո» մատենաշարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում