Նոր ձերբակալությունները Շիրխանյանի գործի հետ կապ չունեն. Փաստաբան
Զինված խմբի գործով նոր ձերբակալությունները Վահան Շիրխանյանի վերաբերյալ քննվող գործի հետ կապ չունեն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Այդ խմբի անդամներից որևէ մեկի հետ Վահան Շիրխանյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն մինչև հիմա տեղի չի ունեցել, և ես չեմ ուզում այդ նոր ձերբակալությունները կոնկրետ կապել Վահան Շիրխանյանի վերաբերյալ քննվող գործի հետ: Ես այս պահին չեմ ուզում մեկ ընդհանուր համատեքստում դիտել, ինչքան էլ դրանք առնչվում են իրար հետ», -ասաց փաստաբանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի գործով այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նաև տեղեկացրել էին, որ ձերբակալվածների բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը ցուցմունք է տվել, որ ծանոթ է եղել Արթուր Վարդանյանի հետ
- Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2 ամսով
- Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել կատարվածից. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան