Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն
Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի՝ 2016-ի առաջին նիստի օրակարգում:
Փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով:
Կառավարության նման որոշումը պայմանավորված է համայնքերի խոշորացման գործընթացով: Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանին առաջինը Panorama.am-ից տեղեկացավ, որ հարցը կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել:
«Քիչ առաջ նայեցի, նման բան չկար»,-ասաց նա:
600 բնակչություն ունեցող Հալիձորը միավորվել է յոթ այլ համայնքերի հետ, կենտրոնը դառնալու է Շինուհայրը՝ մոտ 7000 բնակչությունով: Մ. Գերասիմյանը դեռ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է նոր ընտրություններում, թե ոչ: Ասում է, համայնքների խոշորոցման վերաբերյալ կարծիքը դրական է:
Կառավարությունից մանրամասնում են, որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 9-ին: Այդ ժամկետով պայմանավորված նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները պետք է նշանակվեն 2016 թվականի փետրվարի 14-ին:
Ընտրությունների անցկացման համար պետական բյուջեից Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 24,785.9 հազ. Դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,954.0 հազ. դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին