Սերգեյ Խաչատրյանն իրեն նվիրված կոնցերտն առաջին անգամ կատարելու է Հայաստանում
Կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը կոնցերտ է նվիրել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, ով առաջին անգամ այն կատարելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի բացման համերգին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջութակահարը:
«Երկու տարի առաջ Երևանում էի: Ինձ մոտեցավ կոմպոզիտոր Մարտիրոսյանը և ասաց, որ ինձ համար կոնցերտ է գրել: Անակնկալ էր ինձ համար: Ընդհանրապես չէի սպասում: Առաջին կոնցերտն է, որը նվիրվում է ինձ: Խոստացա, որ անպայման կատարելու եմ Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը: Իհարկե, հնարավոր չեղավ միանգամից կատարել՝ նախ հաշվի առնելով իմ գրաֆիկը, երկրորդ՝ նախքան նոր ստեղծագործություն կատարելը, պետք մեծ ծավալի գործ արվի՝ հասկանալ ինչ գործ է, ինքդ հասկանաս քեզ այդ գործի մեջ, պատկերացնես, թե ինչպես պետք է կատարվի: Ուրախ եմ, որ վաղը ես կարող եմ կատարել այդ ստեղծագործությունը»,- ասաց ջութակահարը:
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը մեկնարկելու է հունվարի 15-ին: Ջութակահարը ստեղծագործությունը կատարելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ:
«Հաճելի է աշխատել Սերգեյի, նվագախմբի հետ: Մեր համագործակցությունը ստացվում է»,- ասաց Ս. Խաչատրյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։
15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005-ին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։
Սերգեյը ելույթ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր նվագախմբերի հետ, հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում