«Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Նա իր շնորհավորանքը հղել է տեսաուղերձի միջոցով, որտեղ նաև ասել է. «Հուսամ մի օր միասին կաշխատենք»:
Հիշեցնենք, որ նվագախումբը հիմնադրման 10-ամյակը նշելու է մեծ համերգով: Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ:
2005թ-ին Ս. Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ: Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին