Կառավարությունը կքննարկի բուհերի հետ «Սինոփսիս Արմենիա»-ի համագործակցությունը խթանելու հարցը. վարչապետ
Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, և պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:
Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով:
«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում: Նրա խոսքով՝ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասը նաև աշխատում է ընկերությունում: Ուսանողների հետ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ և վստահեցրել, որ գործադիրը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան