ՄԻԵԴ-ը Խոջոյանի վերաբերյալ հարցում է կատարել Ադրբեջանի կառավարությանը
2015թ. նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է Մամիկոն Խոջոյանի գործի մասին, ով 77-ամյա ՀՀ քաղաքացի էր և պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014թ. ու այնտեղ պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային և կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ ՀՀ իշխանություններին հանձնվելուց և տուն վերադառնալուց երկու ամիս անց: Այս գործի հայցվորներին՝ պարոն Խոջոյանի երեք զավակներին ներկայացնում են Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնը, որը գտնվում է Միդլսեքս համալսարանում և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն (Երևան): Այդ մասին տեղեկացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից
Կազմակերպությունը տարածած հաղորդագրությամբ ներկայացնում է, որ Խոջոյանը բնակվում էր ՀՀ Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, որը մոտ է Ադրբեջանի սահմանին: 2014թ. հունվարի 28-ի առավոտյան նա իր ընտանիքի անդամներին ասել է, որ գնում է դաշտից խաղող քաղելու: Մարզում պետական սահմանը գծանշված չէ: Այդ օրն ավելի ուշ հայտնվեց տեսանյութ, որում նա շրջապատված էր մի խումբ մարդկանցով, որոնց թվում կար Ադրբեջանի զինվորական համազգեստով ինչ-որ մեկը: Այդտեղ երևում է, որ նա վնասվածք չունի: Երկու օր անց ադրբեջանական լրատվական ծառայությունը նրա հետ հարցազրույց է անցկացնում, որտեղ երևում է, որ նրա բազուկը կոտրված է: Հայտնվում էր, որ նա պահվում է անազատության մեջ և ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի մեջ լինելու համար: Հաջորդ օրը հեռարձակված լուրերից երևում է, որ նա դժվարանում է ոտքի կանգնել և, որ նրա ձախ աչքը վնասված է:
Ավելի քան մեկ ամիս անց՝ 2014թ. մարտի 4-ին պարոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո սահմանագծի մոտ վերադարձվում է ՀՀ իշխանություններին: Երբ նրա երեխաներն այցելեցին նրան Հայաստանի հիվանդանոցում, նա ճանաչողական խնդիրներ ուներ և խիստ վախեցած էր: Նա ասել էր երեխաներին, որ իրեն տարել են Բաքու, որտեղ նա ծեծի է ենթարկել, ստիպել են քնել բետոնի վրա, աղ են լցրել վերքերի վրա, ներարկումներ են կատարել և շիկացած մետաղով այրել են գլուխը: Դատաբժշկական փորձաքննությունը բենզինի և հոգեմետ (ընկալումները մթագնող) դեղերի հետքեր է բացահայտել նրա արյան և մեզի մեջ: Պարոն Խոջոյանը մահացել է իր տանը 2014թ. մայիսի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց վեց շաբաթ անց:
Ըստ աղբյուրի, հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի և, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որն իր մեջ պարունակել է անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ է ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ և 3-րդ հոդվածները: Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել է նրա մահվանը: Նրանք նաև պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել պարոն Խոջոյանի կալանավորման և նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո հեռուստատեսությամբ և ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի ևս մեկ խախտում:
Ավելին, պարոն Խոջոյանի երեխաները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, և նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջև է կանգնել: Կապված սրա և վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Վերջապես, նրանք պնդում են, որ իրենց իրավունքները և իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված):
Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին և դատարանի հարցերին մինչև 2016թ. մարտի 8-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Մամիկոն Խոջոյանը...«Ադրբեջանում կյանքին ու առողջությանը վտանգավոր հեղուկ էր ներարկվել»
- «Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել