Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող կափարիչը օդ է նետվել:
Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ և խուճապ է առաջացել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության, ինչպես նաև Ստամբուլի ջրամատակարարման և գազամատակարարման ծառայությունների աշխատակիցները:
Վերջիններիս կատարած հետազոտությունների արդյունքում առաջ է քաշվել այն վարկածը, որ պայթյունի պատճառ կարող էր լինել կոյուղում մեթան գազի կուտակումը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: