Շինարարության ոլորտում տարվում է ոչ ճիշտ քաղաքականություն. Գ.Մակարյան
Հայաստանում շինարարության ոլորտում վերջին տարիներին անկումը պայմանավորված է ոչ միայն բնակչության գնողունակության նվազմամբ, այլ տարվող ոչ ճիշտ քաղաքականությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Շինարարության ոլորտում նախորդ տարի էական տարբերություն չունենք 2014-ի համեմատ: Անշարժ գույքը լճացված վիճակում է գտնվում: Այս վիճակը պայմանավորված է վերջին տարիներին վարվող ոչ ճիշտ քաղաքականությամբ: Հարկերի հավաքման մեխանիզմն այնպիսին է, որ դեռ շինարարական ընկերությունը շինարարությունը չավարտած, սկսում է հարկեր վճարել: Իսկ շենքի շինարարությունը, վաճառքը տևում է հինգ տարի»,-բացատրեց նա:
Գ.Մակարյանն ասաց, որ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կառավարության ներկայացրած տվյալների, 2015-ին տնտեսության մի քանի ոլորտում աճ է գրանցվել՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ և այլն:
Ըստ նրա, առևտրի ոլորտում նվազում կա, ինչը պայմանավորված է քաղաքացիների թվաքանակի նվազմամբ, գնողունակության անկմամբ:
Գ.Մակարյանն ասաց, որ 2014-ին ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 644 միլիոն դրամ: Թեև 2015-ի տվյալները դեռ չեն ամփոփվել, նա կանխատեսում է, որ 2014-ից 1 միլիարդով պակաս կլինի:
Նա նշեց, որ գնաճի առումով տարվա ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել:
Մանրամասները՝ տեսանյութում: