«Նավթի դարաշրջանն ավարտվել է. Welcome to the Future!». Գերման Գրեֆ
Ռուսական Խնայբանկի ղեկավար Գերման ԳՐեֆը համոզված է, որ «նավթի դարաշրջանն» ավարտված է, իսկ համաշխարհային տնտեսվարողները պետք է այլևս դադարեն կողմնորոշվել նավթի գնի տատանումներով: Ռուսական Lifenews լրատվականի փոխանցմամբ` այս մասին Գերման Գրեֆն այսօր հայտարարել է Գայդարյան ֆորումի շրջանակներում:
«Քարե դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան. Նույնը կարելի է ասել, որ նավթային դարաշրջանն արդեն ավարտվել է: Արդյո՞ք այն իր մնացորդները կթողնի, չեմ կարող ասել: Կարող է` 10 տարի, մինչև որ էլեկտրամեքենաների սպասարկման ենթակառուցվածքները կշահագործվեն անհրաժեշտ մակարդակով: Երբ ես առաջին անգամ նստեցի Tesla ավտոմեքենան, ես հասկացա, որ այդ ապագան վրա հասավ ավելի վաղ, քան մենք նրան սպասում էինք: Welcome to the Future! Մենք արդեն այստեղ ենք», - ասել է Գրեֆը` ընդգծելով, որ արդեն կարևոր չէ, թե ինչ կարժենա մեկ բարել նավթը շուկայում:
Դրա հետ մեկտեղ Խնայբանկի ղեկավարը խոստովանել է, որ իրեն ավելի շատ մտահոգում է Ռուսաստանի «տեխնոլոգիական ստրկացման» խնդիրը: Նրա խոսքերով` Ռուսաստանը ուղիղ իմաստով հայտնվել է «դաունշիֆթըրների ցուցակում» (անգլ. downshifter` մարդ, որը չի ձգտում առաջընթացի, խմբ.), քանի որ այն չի հասցրել ադապտացվել սեփական տնտեսությանը և ներդրումներ կատարել գիտության և արտադրության այն ճյուղերում, «որոնց պատկանում է ապագան»:
«Ես կասեի` դա տեխնոլոգիական ստրկացում է, որ մենք հայտնվել ենք այն երկրների ցուցակում, որոնք պարտվում են, դաունշիֆթըր երկրների ցուցակում: Այն երկրներն ու մարդիկ, որոնց հաջողվել է ժամանակին ադապտացվել և ներդրումներ կատարել այդ ոլորտներում, նրանք այսօր հաղթել են: Այն երկրները, որոնց չի հաջողվել ադապտացվել սեփական տնտեսությանը, ամբողջ սոցիալական համակարգը և ինստիտուտները ջախջախիչ պարտություն կկրեն», - նշել է Գրեֆը: