Ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ օդանավակայանը, անմտություն է. Ճարտարապետ
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը վթարային վիճակում չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նա նշեց, որ մասնագիտական առումով քննություն են կատարել և պարզել, որ շենքը ոչ միայն վթարային չէ, այլ նաև համապատասխանում է այսօրվա նորմատիվային դաշտին, որտեղ սահմանված նորմերն ավելի ուժեղացված են:
«Շենքը ուժեղացման կարիք գործնականում չունի»,- ընդգծեց ճարտարապետը:
Ս.Քալաշյանի խոսքով, շենքը քանդելու որևէ անհրաժեշտություն չկա, կարելի է օգտագործել բոլոր առումներով:
«Մենք ուզում էինք հանդիպել կոնցեսիոների ճարտարապետների հետ, որպեսզի քննարկեինք հարցը, սակայն մեզ այդ հնարավորությունը չտրվեց, նրանք հրաժարվում էին»,-ասաց ճարտարապետը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, թեև կայացվել է էստակադայի ապամոնտաժման որոշում, սակայն փորձը ցույց է տալիս, եթե մի մասը քանդում են, շարունակական բնույթ է կրում և հետո կանգնում են փաստի առաջ, ինչպես մինչ այժմ: Բացի այդ, ըստ նրա, շենքն ընկալվում է որպես ճարտարապետական մի ամբողջ կառույց և չպետք է մասնատել այն:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասաց, որ չպետք է թույլ տրվի ապամոնտաժման որևէ քայլ կատարել:
«Այս օդանավակայանը, այս շենքը մեր երաշխիքն է: Գոյություն ունեցող նոր օդանավակայանը բիզնես ծրագիր է, մասնավոր սեփականություն է, որը ցանկացած րոպեի կարելի է վերավաճառել, դադարեցնել իր գործունեությունը: Այս պարագայում ոչնչացնել կամ մասամբ ապամոնտաժել մեր ստրատեգիկ օդանավակայանը, որը ժամանակին կառուցվել էր որպես ստրատեգիական օբյեկտ Հայաստանի համար, հանցավորություն է, անմտություն, անհեռանկար քայլ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից նախօրեին տեղեկացրեցին, որ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան»:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը կքանդվի ըստ «մաստեր պլանի»
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- «Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում