Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը առաջիկա օրերին կքննարկի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերաբերյալ հանձնաժողովին ուղարկված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:
Նշենք, որ հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»:
«Քանի որ ես Էթիկայի հանձնաժողովի ղեկավարն եմ այս պահին և եթե որևէ մեկնաբանություն անեմ, կդիտվի սուբյեկտիվ մոտեցում: Նախ պետք է հասկանալ` դիմումը ընդունվո՞ւմ է վարույթ, թե՞ ոչ: Պետք է հանձնաժողովը նիստ անի և որոշի: Ես չեմ ուզենա այս պահին որևէ գնահատական տալ, քանի որ դա կլինի սուբյեկտիվ դիրքորոշում իմ կողմից», -ասաց Բաբայանը:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ Էթիկայի հանձնաժողովը կանխակալ դիրքորոշում կդրսևորի Շուշան Պետրոսյանի հարցի վերաբերյալ, Բաբայանը պատասխանեց. «Եթե նկատել եք Առաքել Մովսիսյանի գործի քննության ժամանակ մենք որևէ սուբյեկտիվ բաներ չենք արել: Էթիկայի հանձնաժողովը չի նայում, թե որ կուսակցության ներկայացուցիչ է պատգամավորը, այլ հանձնաժողովը քննարկում է ԱԺ Կանոնակարգի խախտումը»:
Հետաքրքրվեցինք, թե փաստորեն Շուշան Պետրոսյանի գործը նմա՞ն է Առաքել Մովսիսյանի գործին, Բաբայանն ասաց, որ ինքը գործերի նմանությունը նկատի չունի:
«Ես չգիտեմ, պետք է քննել գործը և եթե խախտում կլինի պատգամավորական էթիկայի, հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի», -հավելեց հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս մականունով, համացանցում տեղադրված տեսանյութում սպառնալիքներ էր հնչեցրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի անդամներին վիրավորողներին: ԱԺ Էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան